Հայաստանի տաղավարը Expo 2020 Dubai համաշխարհային ցուցահանդեսում

October 29, 2021 0

Expo 2020 Dubai համաշխարհային ցուցահանդեսի պաշտոնական բացման օրվանից՝ 2021 թվականի հոկտեմբերի 1-ից սկսած հայաստանյան տաղավարն իր դռներն է բացել աշխարհի տարբեր մասերից ժամանող այցելուների համար, ովքեր արդեն հնարավորություն ունեն բացահայտելու մեր երկրի տպավորիչ պատմությունը, մշակույթն ու հսկայական ներուժը:
Հմայված տաղավարի ինքնատիպ մթնոլորտով, այցելուները անհապաղ կանգ են առնում ներկայացված ցուցանմուշների կողքին: Նրբանկատորեն ընտրված պատմական այս արտեֆակտերը մեծ հետաքրքրություն են առաջացնում տաղավարի հյուրերի մոտ, ովքեր հաճույքով ներբեռնում են Arloopa հավելվածը՝ ցուցանմուշները AR ֆորմատով տեսնելու համար:
Գրեթե իրական չափերի ձեռքի աշխատանքի արդյունքում ստեղծված Կենաց ծառը խորհրդանշում է հայ ազգի դարավոր անցյալն ու գոյատևումը: Ծառի առջևի ապակե պատի վրա այցելուները կարող են տեսնել աշխարհահռչակ հայերի հոլոգրաֆիկ պատկերները, ինչպես նաև կարդալ գիտության և արվեստի ոլորտներում նրանց ունեցած ավանդի մասին:
Տաղավարի տարբեր հատվածներում տեղադրված էկրաններին հայտնվող տեսահոլովակների միջոցով այցելուներին է ներկայացվում Հայաստանի արդյունաբերական, գյուղատնտեսական, ՏՏ և բիզնես պոտենցիալը: Էթնոթեք գաղափարը նկատվում է տաղավարի ողջ հարդարանքի մեջ. այն անտեսանելի կապ է ստեղծում երկրի հարուստ պատմական անցյալի և խոշոր տեխնոլոգիական ձեռքբերումների միջև:
Ինֆորմատիվ, ուշագրավ և տպավորիչ հայաստանյան տաղավարը կշարունակի հյուրընկալել ցուցահանդեսի այցելուներին՝ նվիրելով անմոռանալի տպավորություններ:


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *