Համախմբելով միտքը, ստեղծելով ապագան. ընթացիկ տարում կկայանա «Էքսպո Դուբայ-2020» ցուցահանդեսը

June 29, 2021 0

ՀՀ-ում Արաբական միացյալ էմիրությունների դեսպանատանը տեղի ունեցավ «Էքսպո Դուբայ-2020» միջազգային ցուցահանդեսին նվիրված ընդունելություն:

Ցուցահանդեսը մեկնարկելու է հոկտեմբերին և տևելու է մինչև 2022 թվականի մարտ ամիսը: Այն կրելու է «Համախմբելով միտքը, ստեղծելով ապագան» խորագիրը:

«Ցուցահանդեսը պետք է կայանար 2020 թվականին, սակայն կորոնավիրուսի պատճառով այն հետաձգվել էր: Սա խոշորագույն ցուցահանդեսներից է, մեր մասնակցությունն էլ շատ կարևոր է: Մասնակցելու է 192 երկիր, և մենք պետք է ջանք ու եռանդ չխնայենք, որպեսզի հայկական ընկերությունները հավուր պատշաճի ներկայանան: Դեռևս ճշգրտման փուլում է այն գործընթացը, թե ՀՀ-ից քանի ընկերություն և որոնք են մեկնելու ԱՄԷ և մասնակցեն ցուցահանդեսին»,- նշեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

Նա նաև ընդգծեց, որ հունվարի 30-ին այնտեղ լինելու է Հայաստանի օրը և պետք է արժանավայել կերպով հանդես գալ:

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատար Ահլամ ալ Սալամին ներկայացրեց Էմիրությունների ձեռքբերումները և ցուցահանդեսի առանձնահատկությունները:

«Այս ցուցահանդեսը համարվելու է ամենամեծ իրադարձությունը ոչ միայն ԱՄԷ-ի, այլև Հարավային Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի և արաբական աշխարհի համար: Ցուցահանդեսը հիմնականում 3 ուղղությամբ է լինելու՝ կայունություն, շարժում և շարժունակություն: Ստեղծվելու է համաշխարհային հարթակ, որտեղ ներկայացված են լինելու և՛ բիզնեսմեններ, և՛ կրթական կենտրոններ»,- ասաց Ահլամ ալ Սալամին և հավելեց, որ ներկայացված է լինելու 12 թեմա, որոնք վերաբերելու են կայունությանը, կնոջ առաջընթացին, երեխաներին, կլիմայի փոփոխությանը և այլն:

«Էքսպո Դուբայ-2020» միջազգային ցուցահանդեսին ներկայացված են լինելու տարբեր երկրների և ժողովուրդների սովորույթներն ու ավանդույթները, կազմակերպվելու են նաև կոնֆերանսներ:

«ԱՄԷ-ի համար այս իրադարձությունը շատ յուրահատուկ է, քանի որ այն համընկնում է մեր երկրի հիմնադրման 50 ամյակի հետ: Հատուկ էքսպոյի համար Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանների տարածքում կառուցվել է հատուկ քաղաք: Մետրո է գործելու, ինչպես նաև հանրային տրանսպորտ, որն անվճար տեղափոխելու բոլոր այցելուներին»,- ասաց Սալամին:

Նա ընդգծեց, որ նախատեսվում է, որ ԱՄԷ-ն այդ ընթացքում կկարողանա ընդունել 200 մլն այցելու:

Միջոցառմանը տեսակապի միջոցով ելույթով հանդես եկավ «Էքսպո Դուբայ-2020»-ի քաղաքական հարցերով գլխավոր փոխնախագահ Մահա ալ Գերգաուին։

Ներկա էին նաև Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը և Նարեկ Տերյանը, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության փոխնախարար Դավիթ Սահակյանը, ինչպես նաև «Շարմ Հոլդինգ» և «Մետրիկա» կազմակերպությունների ներկայացուցիչները: