ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Միավորելով մտքերը, կերտելով ապագան


Մենք Expo Dubai 2020-ին ենք ներկայացնում լավագույնը Հայաստանից



ԾԱՆՈԹԱՑԵՔ
ՀԱՅԿԱԿԱՆ
ՏԱՂԱՎԱՐԻՆ



ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ

Expo Road, Dubai South, Jebel Ali and Dubai, Միացյալ Արաբական
Էմիրությունների տաղավար, OR04-B

Արվեստ

Արվեստի շատ տեսակներ Հայաստանում սկսել են ձևավորվել դեռ վաղնջական ժամանակներից: Յուրօրինակ ճարտարապետական կոթողները, նախշազարդ խաչքարերն ու մանրանկարները լավագույնս ներկայացնում են հայկական մշակույթը և պատմությունը: Համաշխարհային փառք են վայելում կիրառական արվեստի մի շարք գլուխգործոցներ. հատկապես ուշագրավ են շքեղ ժանյակները, արծաթե զարդերը, հատուկ տեխնոլոգիայի կիրառմամբ հյուսվող ձեռագործ գորգերը, կարպետները:
5-րդ դարում ստեղծված այբուբենի շնորհիվ սկսեց զարգանալ հայ գրականությունը: Հազարամյակների պատմություն ունեցող հոգևոր և ազգային երաժշտությունը ծաղկման բարձրակետին հասավ հայ ազգային երաժշտության նորագույն դպրոցի հիմնադիր Կոմիտասի շնորհիվ:


Գիտություն

Դեռ հնուց Հայաստանը մեծ ավանդ է ունեցել աստղագիտության, իրավունքի տեսության, փիլիսոփայության, պատմության զարգացման գործում: Հնագիտական պեղումները փաստում են հին Հայաստանում նաև բժշկական ուսումնասիրությունների բարձր մակարդակի մասին: 1943-ին հիմնադրված՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան վերջին տարիներին ներգրավված է եղել աստղաֆիզիկայի, ՏՏ-ի, կիրառական մաթեմատիկայի ու մեխանիկայի, ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության ոլորտներում համաշխարհային կարևորության գիտական ուսումնասիրությունների մեջ: Ներկայումս Հայաստանում գործող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, «COAF» Սմարթ կենտրոնում և «Արմաթ» լաբորատորիաների ցանցում անվճար հիմունքներով դասավանդում են ճարտարագիտություն, ծրագրավորում, վեբ դիզայն:


Սպորտ

Հայաստանի լեռնային ռելիեֆը լայն հնարավորություններ է ընձեռում լեռնագնացության և դահուկային սպորտի համար:
Տարածված բազմապիսի սպորտաձևերից ամենասիրվածը թերևս ֆուտբոլն է: Ծանրամարտը, ըմբշամարտը, ձյուդոն, բռնցքամարտը և շախմատը նույնպես մեծ համբավ են վայելում՝ լինելով ՀՀ սպորտի և կրթության կարևոր օղակներ: Շախմատի օլիմպիադայի եռակի չեմպիոն դարձած Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ներկայումս զբաղեցնում է հինգերորդ պատվավոր տեղը աշխարհի ուժեղագույն ազգային հավաքականների շարքում: Շախմատի ասպարեզում տպավորիչ հաջողությունների հետ մեկտեղ Հայաստանը փայլուն հաղթանակներ է տոնում ծանրամարտի և ըմբշամարտի միջազգային առաջնություններում:


Զբոսաշրջություն

«Լեռների երկիր» Հայաստանը կարող է ներկայանալ իր բազմաշերտ պատմությամբ, ապշեցնող բնապատկերներով, հնադարյա վանքերով: Ձյունածածկ լեռնագագաթները գրավում են լեռնագնացության, քեմփինգի, հայքինգի սիրահարներին: «Ֆորբսը» Հայաստանը ներառել է 2019-ի բյուջետային զբոսաշրջության նախընտրելի ուղղությունների թվում, իսկ CNN-ը Երևանը դասում է եվրոպական ամենագեղեցիկ քաղաքների լավագույն 20-յակին: Տպավորիչ է մայրաքաղաք Երևանը, որտեղ հիանալիորեն համադրված է նեոկլասիկ և խորհրդային շրջանի ճարտարապետությունը: Երևանը զարմացնում է յուրօրինակ գինետներով, էկզոտիկ և ավանդական ռեստորաններով, թանգարաններով, երգող շատրվաններով, փողոցային տոնավաճառներով, որտեղ կարելի է գտնել տեղական արտադրանքի բազմազանություն:


Խոհանոց

Հայաստանը հայտնի է համեղ և էկոլոգիապես մաքուր սննդամթերքով, արևահամ մրգերով, բանջարեղենով: Ազգային ուտեստներից սիրված են տոլման և խորովածը: Տեղում արտադրվող պանրի լայն տեսականին այստեղ վայելում են լավաշի մեջ փաթաթված: Բարձրակարգ խմիչքի գիտակները արժանիորեն գնահատում են հայկական կոնյակը: Ասում են, սըր Վինսթոն Չերչիլը նույնպես արժևորում էր Երևանի «Արարատ» գործարանի կոնյակի բացառիկ որակները: Բարձրորակ գինու սիրահարներին Հայաստանն առաջարկում է գինու ամենամյա փառատոներ, որտեղ կարելի է վայելել խաղողի տարբեր տեսակներից և բազմապիսի այլ մրգերից պատրաստված գինիները: